Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախկին նախագահ Նոել Լե Գրեն մեղադրյալ է դարձել սեռական ոտնձգության վերաբերյալ քրեական գործով։
Գործը բացվել է սպորտային գործակալ Սոնյա Սուիդի կողմից։ Նրա խոսքով, Լե Գրեն իրեն հասկացրել է, որ եթե ցանկանում է իր մասնագիտական օգնությունը, ապա պետք է հնազանդ լինի:
Նոել Լե Գրեի հետ կապված անախորժությունները սկսվել էին այն բանից հետո, երբ նա ասել է, որ նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե իրեն զանգահարի ֆրանսիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։ Դրանից հետո ֆուտբոլային գործիչը ներողություն էր խնդրել իր խոսքերի համար։
Սուիդը 37 տարեկան է, նախկինում զբաղվել է վոլեյբոլով, կարիերայից հետո վերապատրաստվել է որպես սպորտային գործակալ, ինչպես նաև ղեկավարում է ֆուտբոլիստների գործերը։
«Նա ինձ երբեք չի ընդունել որպես գործակալ: Նա միշտ ինձ նայել է այնպես, ինչպես կոնֆետի։ Ես այն քիչ կին գործակալներից եմ, որը փորձում է իրեն դրսևորել: Բայց չնայած դրան, ես հասկացա, որ նրան հետաքրքրում են միայն իմ կուրծքն ու հետույքը։ Դա նվաստացուցիչ է», — ասել է Սոնյա Սուիդը:
Սուիդի նկարագրած իրադարձությունները, ըստ նրա, տեղի են ունեցել գրեթե 10 տարի առաջ, երբ նա 28 տարեկան էր, իսկ Նոել Լե Գրեն՝ 72։
Հիշեցնենք, որ Լե Գրեն ազատվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հունվարի 11-ին։