Կա ընդունված կարծիք, որ սպորտով զբաղվելիս կարող ես ունենալ իդեալական մարմին: Բայց սպորտով զբաղվելը դեռ գեղեցիկ կազմվածք ունենալու գրավական չէ, քանի որ կան շատ մարզաձևեր, որոնք շեշտը դնում են միայն մարմնի մի մասը զարգացնելու վրա, իսկ արդյունքում մարզիկն ունենում է սպորտային, բայց ոչ համաչափ զարգացած մարմին: Փորձենք հասկանալ, թե ո՞ր սպորտաձևերն են ստեղծում կանացի և տղամարդու համաչափ մարզված և իդեալական կառուցվածք:
ԳԵՂԱՍԱՀՔ v/s ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
Ամենագեղեցիկ կազմվածքն ունեցող մարզուհիների ցանկում են գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվող մարզուհիները: Նրանք ունեն գեղեցիկ կեցվածք ու ճկուն մարմին, քանզի մարզվում են մկանների բոլոր անհրաժեշտ խմբերը՝ առանց առողջությանը վնաս պատճառելու: Նմանատիպ ազդեցություն են գործում նաև սպորտային պարերը: Գեղասահքի մեջ շեշտը դրվում է ոտքերի մկանների վրա: Արդյունքում` գեղասահորդուհիների ոտքերն ավելի արտահայտված ու մարզված մկաններ ունեն` համեմատած մարմնի այլ մասերի հետ:

ԹԵՆԻՍ v/s ՁԻԱՍՊՈՐՏ
Թենիսն առանձնացված ազդեցություն չի ունենում կնոջ մկանների ձևավորման վրա: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխվում մկանային բոլոր խմբերի վրա և մարմինը ստանում է ձիգ և սպորտային կեցվածք: Ձիասպորտը ևս դրականորեն է անդրադառնում ինչպես իգական, այնպես էլ արական սեռի մարզիկների վրա:

ԼՈՂ v/s ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
Արական սեռի մարզիկների շրջանում ամենաներդաշնակ ու համաչափ մարզված մարմինն ունեն լողորդները: Լողը զարգացնում է կրծքավանդակը, ուսերը դարձնում է լայն, ձեռքերն ուժեղ, իսկ մարմինը մարզված: Այս սպորտաձևը ճիշտ նույն ազդեցությունն է ունենում նաև կանանց վրա, բայց, ցավոք, նրանք այդպիսի մարմնով ավելի են հեռանում իդեալական լինելու հասկացությունից, քանի որ նրանց մարմինը ձեռք է բերում հակառակ եռանկյունու ձև: Տղամարդկային մարմնի գեղեցկության երկրորդ հորիզոնականը կարող են զբաղեցնել սպորտային մարմնամարզիկները: Այս մարզաձևն ապահովում է ամբողջ մարմնի մկանների ներդաշնակ զարգացումը, իսկ մարմնի կառուցվածքը ձևավորվում է հենց տղամարդուն հատուկ ուրվագծերով:

ՖՈՒՏԲՈԼ v/s ԲԱՍԿԵՏԲՈԼ
Ֆուտբոլը, բասկետբոլը և նմանատիպ այլ սպորտաձևերը զարգացնում են թիկունքի, ոտքերի, որովայնի և ձեռքերի մկանները: Իրականում, այս մարզաձևերը ակնհայտ փոփոխություններ չեն առաջացնում մարզիկի մարմնի վրա, չնայած այն հանգամանքին, որ դրանցով զբաղվելիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ահռելի է: Մարմնի մկանների արտահայտված և ցանկալի ձևը ստանալու համար ֆուտբոլիստներն ու բասկետբոլիստները հավելյալ վազում և մարզվում են մարզադահլիճում:

Սրանք ամենահամաչափ և գեղեցիկ կազմվածքները կերտող մարզաձևերն էին: Իսկ ըստ Ձեզ, որո՞նք են գեղեցիկ մարմին ունենալուն նպաստող մյուս սպորտաձևերը: