Երևանի քաղաքապետարանն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը:
Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը, մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող Մալխաս Ամոյանը, ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ Արթուր Բազեյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, բռնցքամարտի Մ23 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը, ձյուդոիստ, պատանիների աշխարհի առաջնության հաղթող, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Կարապետյանը, ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Հայկ Պապիկյանը և շախմատի Մ18 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանը: