Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հակված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն 2023 թվականի ամռանը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստի ծրագրերում չկա Անգլիա վերադառնալու տարբերակը: Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 2023 թվականին իրականացնել այս տրանսֆերը, որպեսզի Բելինգհեմը մեկ մրցաշրջան անցկացնի Լուկա Մոդրիչի հետ։
Նշվում է, որ դա կնպաստի անգլիացու ադապտացմանը ակումբում։ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը, չնայած երիտասարդ տարիքին, պատրաստ է խաղալ ամենաբարձր մակարդակով։
Բելինգհեմի «Ռեալ» տեղափոխության գումարը կարող է կազմել 120 միլիոն եվրո: Եթե մադրիդցիները ստանան ֆուտբոլիստի համաձայնությունը տրանսֆերի համար, ապա նրանց համար ավելի հեշտ կլինի բանակցել «Բորուսիայի» հետ, քանի որ խաղացողի տրանսֆերին հավակնում են նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Աշխարհի 2022 թվականի առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։