Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, անցկացվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում մրցում են մրցաշարի գործող չեմպիոն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
Առաջին 15 րոպեներն անցան արգենտինացիների առավելությամբ․ ֆուտբոլիստները, կարելի է ասել, չէին հեռանում մրցակցի կիսադաշտից ու անընդհատ վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, սակայն կամ ֆրանսիացի պաշտպաններն էին տեղում, կամ գնդակը դարպասին չէր հասնում։
Այս ընթացքում Քրիստիան Ռոմերոն հասցրեց կանոնները խախտել Ուգո Լյորիսի նկատմամբ՝ արմունկով հարվածելով նրան, բժիշկները օգնություն ցույց տվեցին ֆրանսիացիների դարպասապահին, որից հետո նա կարողացավ շարունակել հանդիպումը։ Մրցավարը Ռոմերոյին որոշեց չպատժել։
Ֆրանսիացիները ևս որոշ դրվագներում վտանգ ստեղծեցին Մարտինեսի դարպասին, բայց դրանք ևս գոլի չվերածվեցին։
Իսկ հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկեց Լյորիսի դարպասը։
36-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիա ստեղծեցին արգենտինացիները․ Լիոնել Մեսսին ոտնաթաթի դրսի կողմով գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտնվող Մակ Ալիստերին, որն էլ այն ուղարկեց Ալվարեսին․ վերջինս գնդակով առաջ ընթացավ և տուգանայինի մատույցներից այն փոխանցեց ձախ եզրում գտնվող Դի Մարիային, որն էլ կրկնապատկեց հաշիվը։
Առաջին կեսի մնացած հատվածում հանդիպման տեմպը մի փոքր ընկավ և հաշվի մեջ փոփոխություն այլևս չեղավ։ Արգենտինան հաղթում է 2-0 հաշվով։