Դորտմունդի «Բորուսիայի» և ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան ԱԱ-2022-ի ընթացքում մոտ է եղել հավաքականի ճամբարը լքելուն։ Այս մասին տեղեկացնում է ESPN-ն։
20-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի ոչ մի խաղում մեկնարկային կազմում դաշտ դուրս չի եկել ու լիարժեք մասնակցել է միայն Նիդերլանդների դեմ խաղի (1-3) երկրորդ կեսին։
Ըստ աղբյուրի՝ նա մարզումների և ԱԱ-ից առաջ կայացած ընկերական խաղի հանդեպ իր անտարբեր վերաբերմունքով բացասական ազդեցություն է թողել մարզիչների և թիմակիցների վրա։
Մրցաշարից դուրս մնալուց հետո հավաքականի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալտերը հաստատել էր, որ թիմում կար խաղացող, որին մարզչական շտաբն ուզել է տուն ուղարկել անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։ Ըստ ԶԼՄ-ների՝ այդ խաղացողը Ռեյնան էր։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ մրցաշարից դուրս մնալուց հետո Ռեյնան ներողություն է խնդրել թիմակիցներից։