«Տոտենհեմի» մամուլի ծառայությունը զավեշտալի սխալ է թույլ տվել, որն այժմ ակտիվորեն քննարկվում է բրիտանական սոցցանցերում։
Լոնդոնյան ակումբը հրավիրել է երկրպագուներին «Տոտենհեմի» տնային մարզադաշտ՝ դիտելու ԱԱ-2022-ի կիսաեզրափակչի հանդիպումը Անգլիայի հավաքականի մասնակցությամբ, որը փաստացի արդեն դուրս է մնացել մրցաշարից։
Ավտոմատ նամակը, հավանաբար, նախապես ծրագրված էր, սակայն Անգլիայի հավաքականի՝ Աշխարհի առաջնությունից հեռանալուց հետո այս հրապարակումը մոռացել էին չեղարկել։ Զավեշտալի է, որ հենց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի իրացրել 11 մետրանոցը, որը կարող էր Անգլիայի հավաքականին թույլ տալ պայքարել կիսաեզրափակչի ուղեգրի համար:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի 1/2 եզրափակչի փուլում տեղի կունենա երկու հանդիպում՝ Արգենտինա-Խորվաթիա և Ֆրանսիա-Մարոկկո։