«Բարսելոնայի» մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը պատասխանել է Լիոնել Մեսսիի վերադարձի մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա խնդիրները շատ են: Օրինակ՝ ֆեյր-փլեյը։ Երազելն անվճար է, ֆուտբոլիստները՝ ոչ։ Եվ խոսքը ոչ միայն Մեսսիի, այլ ամբողջ տրանսֆերային շուկայի մասին է:
Մեսսիի մասին մտքերն իմ մեջ արթնացնում են իմ ընտանիքի, հորս մասին հիշողությունները։ Կարևոր է, որ պատմությունն ավարտվի վերջին գրկախառնությամբ: Ինչպե՞ս: Ե՞րբ․․․ ես չգիտեմ։ Բայց սեփական փորձից ելնելով, հիշելով հորս, կարող եմ ասել, որ վերջին գրկախառնությունը կարևոր էր նրա և մեզ համար։ Տեսնելու համար, թե ինչպես նա, ով միշտ չէ, որ դրսևորում էր իր զգացմունքները, ըմբոստ ու կոշտ բնավորություն ուներ, հրաժեշտ տվեց Բարսային…
Եվ կարծում եմ, որ Մեսսիի դեպքում նույնպես կարևոր է, որ մի օր այս վերջին գրկախառնությունը տեղի ունենա։ Ե՛վ Լեոն, և՛ Բարսան արժանի են դրան: Դրա համար երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն»,- մեջբերում է Կրոյֆին Diario Sport-ը։