Էկվադորի հավաքականը երեկ վստահ հաղթանակ տարավ ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում: Էներ Վալենսիայի երկրորդ գոլից հետո թիմը միասին տոնեց այն՝ շրջան կազմելով, ծնկի իջնելով և ձեռքները դեպի երկինք պարզելով: Այս կերպ, ֆուտբոլիստները հարգեցին իրենց նախկին թիմակցի հիշատակը:
2013 թվականին Էկվադորի հավաքականի հարձակվող Քրիստիան Բենիտեսը հեռացավ կյանքից: Նա մահացավ հենց Դոհայում՝ Կատարի մայրաքաղաքում, որտեղ էլ անցկացվել է Կատար-Էկվադոր հանդիպում: Այդ ժամանակ ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր որովայնի շրջանում ունեցած սուր ցավերի պատճառով:
Թիմակիցների խոսքով, Բենիտեսը շտապ բժշկական օգնություն չի ստացել: Մի քանի ժամից նրա շնչառական անբավարարություն է սկսվել, իսկ բարդացումները հանգեցրել են սրտի կանգի: Այդ ժամանակ նա 27 տարեկան էր: