Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն 2022 թվականին Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ եվրոպացիների կողմից «կեղծավոր է համարում» մտահոգությունը մարդու իրավունքների վերաբերյալ։
«Մենք Եվրոպայում փակում ենք սահմանները այս երկրների աշխատողների համար։ Եթե Եվրոպան իսկապես մտածում էր այս մարդկանց ճակատագրի մասին, ապա կարող էր անել նույնը, ինչ Կատարը՝ նրանց աշխատանք և ապագայի նկատմամբ որոշակի հույս տալով: Փոխարենը՝ բարոյականության դասեր տալը պարզապես կեղծավորություն է»,- մեջբերում է Ինֆանտինոյին AP-ն։
Նա նաև ասել է, որ այն ամենի համար, ինչ եվրոպացիներն արել են երեք հազար տարվա ընթացքում ամբողջ աշխարհում, նրանք պետք է ներողություն խնդրեն հաջորդ երեք հազար տարիների ընթացքում։
«Ես եվրոպացի եմ․ այն ամենի համար, ինչ մենք արել ենք երեք հազար տարի ամբողջ աշխարհում, մենք պետք է ներողություն խնդրենք հաջորդ երեք հազար տարիների ընթացքում՝ նախքան մարդկանց բարոյականության դասեր տալը», — ասել է Ինֆանտինոն։
Ավելի վաղ որոշ փորձագետներ քննադատել էին Կատարին 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունք տալու որոշումը։ Դա պայմանավորված է նրանով, որ երկրում, նրանց կարծիքով, խախտվում են ժողովրդավարության սկզբունքները, մարդու իրավունքները և աշխատանքային միգրանտների աշխատանքային պայմանները։
Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և ավարտվում դեկտեմբերի 18-ին։ Մրցաշարի եզրափակիչ փուլին կմասնակցի 32 թիմ։
ԱԱ-2022-ի բացման Կատար-Էկվադոր հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։