Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։
Թուրինյան ակումբը դժվար թե պարզապես բաց թողնի իր ֆուտբոլիստին, ուստի «սերուցքայինները» պատրաստ են նրա տրանսֆերի դիմաց առաջարկել իրենց ֆուտբոլիստներից մեկին՝ Էդուարդ Կամավինգային, Էդեն Ազարին, Ալվարո Օդրիոսոլային կամ Դանի Սեբալյոսին։ Նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք հետաքրքրում են «Յուվենտուսին», հայտնում է Calciomercatoweb-ը:
22-ամյա Դուշան Վլահովիչը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Սերբ հարձակվողի տրանսֆերի համար թուրինցիները «Ֆիորենտինային» վճարել են 81միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում անցկացրած 15 հանդիպումներում Դուշանը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 4 տարուց։
Այժմ Վլահովիչը գտնվում է Սերբիայի հավաքականի կազմում և նախապատրաստվում է գալիք Աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 20-ին։