Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է այն մասին, թե որ թիմին է երկրպագելու ԱԱ-2022-ում։
«Մրցաշարն անտարբերություն է առաջացնում, քանի որ Իտալիան չի լինելու։ Ո՞ւմ եմ երկրպագելու այս դեպքում: Կընտրեմ այնպիսի թիմ, որը հեռու է ֆավորիտ լինելուց, բայց ես համակրում եմ նրանց։ Սա Կամերունի հավաքականն է։ Մանկուց ինձ դուր է գալիս նրանց ֆուտբոլը»,- Ջանլուիջիի խոսքերն է փոխանցում O Jogo-ն։
Ի դեպ, տարիներ առաջ, Բուֆոնը հարցազրույցներից մեկում ասել էր, որ համակրում է Կամերունի հավաքականին․
«Երբ ես փոքր էի, իմ կյանքում կար մի առասպելական հերոս՝ Կամերունի հավաքականի դարպասապահ Տոմա Ն’Կոնոն: Ես տեսել եմ, թե ինչպես է նա խաղում 1990 թվականի Աշխարհի առաջնությունում, և այդ ժամանակվանից Կամերունը դարձավ իմ երկրորդ սիրելի թիմը Իտալիայից հետո: Հիշում եմ, որ այդ առաջնությունում մեկնարկային հանդիպումը Կամերուն-Արգենտինա խաղն էր։ Կամերունը հաղթեց, իսկ դրանից հետո ես որոշեցի դարպասապահ դառնալ»,- ասել էր Բուֆոնը Football Italia-ն։
Աշխարհի առաջնությունը մեկնարկում է Կատարում նոյեմբերի 20-ին՝ մրցաշարի տանտերերի և Էկվադորի ազգային հավաքականի խաղով։
Ինչ վերաբերում է Կամերունին, ապա Աֆրիկայի ներկայացուցիչը խմբային փուլում կխաղա Բրազիլիայի, Սերբիայի և Շվեյցարիայի հետ։