Ռուսական Outsiders (Virtus.pro) կիբերսպորտային թիմը հաղթել է CS:GO Աշխարհի առաջնությունում:
Բրազիլիայում ընթացող Intel Extreme Masters Rio Major 2022 մրցաշարի մեծ եզրափակչում Virtus. pro-ն ներկայացնող Outsiders թիմը հաղթեց Heroic-ին 2։0 հաշվով։ Կիբերսպորտսմեն Դավիթ «n0rb3r7» Դանիելյանը թիմի հիմնական կազմում էր։ Outsiders-ը (Virtus. pro) վաստակել է 500,000 դոլար մրցանակային գումար:
Սեպտեմբերին Virtus․pro կազմակերպությունը գնել է հայ գործարար Արամ Կարամանուկյանը, ով ստանձնել է գլխավոր տնօրենի պաշտոնը, գրում է Economy of Armenia տելեգրամյան ալիքը։ Հաղորդվում է նաև, որ Virtus․pro-ն խաղացողներին և աշխատակիցներին տեղափոխում է և բացում իր գլխավոր գրասենյակը Հայաստանում։
«Ես հայրենասեր եմ և շահագրգռված եմ ներդրումներ կատարել հայկական կիբերսպորտում: Ինձ թվում է, որ Virtus. pro-ի միջոցով ես կկարողանամ հետաքրքրություն առաջացնել հայ հանդիսատեսի շրջանում և այն հասցնել էլեկտրոնային սպորտի սիրահարների մակարդակին: Դա կտա նաև ակումբի երկրպագուների նոր լսարան: Արդյունքում դա կհանգեցնի էլեկտրոնային սպորտի ենթակառուցվածքի զարգացմանը անմիջապես Հայաստանում՝ մարզաբազաների, ուժեղ թիմերի և երիտասարդ տաղանդավոր խաղացողների ի հայտ գալուն, որոնք ոգեշնչված կլինեն Virtus.pro-ից: Մի քանի տարի հետո, հնարավոր է, մենք արտասահմանյան ակումբներ գնելու կարիք չենք ունենա»,- մեջբերում է Կարամանուկյանին Economy of Armenia տելեգրամյան ալիքը։
Նշենք, որ ԱԱ-ից հետո մրցաշարի մասնակցող ակումբները և խաղացողները գումար կստանան ներխաղային սթիքերների վաճառքից: Հարկ է նշել, որ պրոֆեսիոնալ CS:GO-ի մասնակիցները վերջին 12 ամիսների ընթացքում ստացել են ավելի քան 70 միլիոն դոլար՝ խաղային սթիքերների վաճառքից։ Այս մասին Valve-ը հայտնել էր իր կայքում։