Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2023 թվականի հունիսին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Այս մասին ՀԲՖ նախագահության նիստի ժամանակ ասել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Կալիֆոռնիայում ունենք բավական մեծ հայկական համայնք, և վաղուց գաղափար կար անցկացնելու ընկերական հանդիպումներ Լոս Անջելեսում։ Վերջերս էլ նման առաջարկ ենք ստացել ԱՄՆ-ից և մոտակա ժամանակներս պետք է քննարկենք, թե ինչ ձևաչափով է հնարավոր նման հանդիպում կամ հանդիպումներ կազմակերպել»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:
«Նախագահության անդամներն ընդգծել են, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները մեծ ոգևորություն կառաջացնեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվող հայերի շրջանում բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում:
Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, որի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում»,- ասված է ՀԲՖ հայտարարության մեջ: