Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում Դոնեցկի «Շախտյորը» հաղթեց Լիսաբոնի «Բենֆիկային» 2:1 հաշվով: Հանդիպումը կայացավ Խարկովի «Մետալիստ» մարզադաշտում:
22-րդ րոպեին Մարլոսը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարն, դիմելով VAR-ի օգնությանը, դարպասի գրավում չարձանագրեց: Խաղի հաշիվը բացվեց 56-րդ րոպեին. ուկրաինական թիմին առաջ մղեց Ալան Պատրիկը: Արդեն 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տոմաշ Տավարեշը, բայց մրցավարը չհաշվեց այն, 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Պիցին: 72-րդ րոպեին «Շախտյորին» առաջ մղեց Վիկտոր Կովալենկոն:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 27-ին:

Օրվա մյուս խաղում ռումինական «Կլուժն» ընդունել է «Սևիլիային»: Խաղը կայացել է Կլուժ-Նապոկա մարզադաշտի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում և ավարտվել ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
59-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել կիսապաշտպան Չիպրիան Դյակը՝ աչքի ընկնելով 11-մետրանոցի նշակետից: Հյուրերը պատասխան գնդակը կարողացել են խփել միայն խաղավարտին. 83-րդ րոպեին Յուսեֆ Էն-Նեսիրին է գրավել մրցակցի դարպասն ու փրկել իսպանական թիմին պարտությունից:

Մյուս խաղում էլ միմյանց հետ մրցել են «Այնտրախն» ու «Ռեդ Բուլ Զալցբուրգը»: Հանդիպումը կայացել է Ֆրանկֆուրտում և ավարտվել տանտերերի՝ 4:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հերոսը գերմանական թիմի կիսապաշտպան Դայիտի Կամադան է դարձել, որը հեթ-տրիկ է ձևակերպել 12-ից 53-րդ րոպեների ընթացքում: Նշենք՝ ճապոնացի ֆուտբոլիստն այս 3 գոլերի շնորհիվ իր գոլերի թիվը հասցրել է 6-ի և գլխավորում է ԵԼ-ի ռմբարկուների ցուցակը` «Ռեյնջերսի» հարձակվող Մերելեսի հետ:
Ի դեպ, Կամադան դարձել է նաև «Այնտրախտի» առաջին խաղացողը, որը ԵԼ-ի խաղում հեթ-տրիկ է ձևակերպել:

56-րդ րոպեին տանտերերի առավելությունը մեծացրել է Ֆիլիպ Կոստիչը, իսկ հյուրերը մեկ գնդակ կարողացել են հետ բերել ՝ Խի Չանի ջանքերով, ով 85-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը:
Եվս մեկ խաղ կայացել է Բուլղարիայում: «Լուդոգորեցն» ընդունել է Միլանի «Ինտերին» և 0:2 հաշվով պարտություն կրել:
Հանդիպման հաշիվը բացվել է խաղի միայն 71-րդ րոպեին: Դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենն է գրավել մրցակցի դարպասն ու խփել իր առաջին գոլն իտալական թիմի կազմում: Երկրորդ գոլն իր ակտիվում գրանցել է Ռոմելու Լուկակուն, որն ավելացված ժամանակում անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: