Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնությունը, հայտնում է ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայել Պիմենտան։
Պոգբան ծնկի վնասվածք էր ստացել հուլիսին, իսկ սեպտեմբերին ենթարկվել վիրահատության։
«Թուրինում և Պիտսբուրգում անցկացված երեկվա և այսօրվա բուժզննումներից հետո, մեծ ափսոսանքով հայտնում եմ, որ Պոգբային դեռ ժամանակ է պետք վիրահատությունից հետո վերականգնվելու համար: Այդ պատճառով Պոլը չի կարողանա խաղալ «Յուվենտուսում» մինչև Աշխարհի առաջնության ընդմիջումը և չի միանա Ֆրանսիայի հավաքականին Քաթարում:
Եթե նրա ցանկությունը կարողանար փոխել իրավիճակը, Պոլը վաղը կխաղար: Քրտնաջան աշխատանքը, հաստատակամությունը և կարգապահությունը կարող են փոխել իրավիճակը. այս ամենը միակ բանն է, ինչի մասին նա մտածում է այս դժվարին պահին:
Պոլը կշարունակի աշխատել՝ տալով իր ողջ ներուժը՝ որքան հնարավոր է շուտ խաղադաշտ վերադառնալու երկրպագուների և իր թիմի համար»,- մեջբերում է Պոգբայի գործակալին Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի կազմում հաղթել է 2018 թվականին Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունում։