«Ապշեցուցիչ երեք մրցաշրջաններից հետո նորմալ է այս ամենի միջով անցնելը։ Ա՜յ երեք անընդմեջ Չեմպիոնների լիգա հաղթելը նորմալ չէ»։
Մադրիդի «Ռեալի» 2018-2019 թվականների ձախողված մրցաշրջանից հետո «արքայական» ակումբի ղեկավարությունը որոշում կայացրեց երկարաձգելու պայմանագիրը թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ։ Վերևում մեջբերված տողերը պատկանում են Կրոսին։ Նա նոր պայմանագրի կնքման արարողությանը հետևած մամուլի ասուլիսի ընթացքում այդպիսի հետաքրքիր միտք արտահայտեց։

Հիմնահատակ ձախողված մրցաշրջանի արդարացումը մեկ նախադասության մեջ տեղավորող գերմանացու ուղղությամբ սկսեցին «քարեր նետել»։ Ոչ այն պատճառով, որ Կրոսը սխալ բան էր ասել, ուղղակի նրա անցկացրած մրցաշրջանը ևս հաջող համարել չէր կարելի։ Հիշենք ՉԼ-ում ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղը 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ այն ժամանակ Խուլեն Լոպետեգիի թիմը պարտվեց Տոնի Կրոսի սխալից ծնված գոլի պատճառով։
«Ռեալի» երկրպագուներից շատերը կարծում էին, որ Կրոսի հետ պայմանագիրը երկարաձգելու փոխարեն մադրիդյան ակումբը պետք է թույլ չտար հեռանալ Մարկոս Լյորենտեին, ով վատ մրցաշրջանի քիչ լուսավոր կետերից էր։ Թերևս հիմա, երբ դրսում 2020 թվականի փետրվարն է, ակնհայտ է դառնում, որ Կրոսի հետ պայմանագրի երկարաձգումը լավագույն բաներից էր, որ տեղի ունեցավ «արքայական» ակումբի հետ նախորդ մրցաշրջանի ավարտին։

Կրոսը օրեր առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում խաղալ մինչև 38 տարեկանը։ Ավելի վաղ էլ հայտարարել էր, որ դժվար թե ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսի մարզչական գործունեություն ծավալել։ Գերմանական ինտելեկտ-մեքենան իր անսահման գիտելիքներն ու ընկալումները չի պատրաստվում փոխանցել ինչ-որ մեկի։ Ինչու՞, եկեք հասկանանք։
««Ռեալում» անցկացրած տարիների ընթացքում ես լսում էի նրան։ Նա սառը ուղեղով ֆուտբոլիստ է, ով մեծ պահերին հանդարտ է մնում ու չի լարվում։ Նրա պես ֆուտբոլը ոչ ոք չի հասկանում թե՛ պաշտպանվելիս, թե՛ պրեսինգի դիմելիս»։ Օրեր առաջ ահա այսպես արտահայտվեց Դանի Սեբալյոսը՝ խոսելով Տոնի Կրոսի մասին։

Կրոսը բացառիկ ուղեղի տեր անձնավորություն է։ Աշխարհի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի չեմպիոն, Իսպանիայի չեմպիոն, Գերմանիայի չեմպիոն ու այսպես շարունակ։ Տոնին մոլորակի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է։ Ակնհայտ է, որ նրա համար մոտիվացիայի խնդիրներ են առաջ գալու, թեպետ այսպիսի ֆուտբոլիստները ծնված են հաղթանակներից չբավարարվելու համար։
Կրոսը կարող է բազմաթիվ հետաքրքրություններ գտնել ֆուտբոլային կարիերայից հետո ու շարունակել բարձր պահել իր անունը այլ ոլորտներում։ Բացառված չէ, որ նա կմնա ֆուտբոլում, բայց ոչ որպես մարզիչ, այլ պաշտոնյա որևէ կառույցում։ Համաձայնվեք՝ նրան դա կսազի։

Կրոսը իսկական մարզասեր է։ Նա թենիսի ու բասկետբոլի մեծ երկրպագու է։ Միգուցե ինչ-որ պահի Տոնին Պիկեի պես սկսի կազմակերպել թենիսի մրցաշարեր կամ նմանատիպ այլ միջոցառումներ։ Ֆուտբոլային դաշտում խաղ կազմակերպող ու գնդակներ բաժանող ինտելեկտ-մեքեննան անկասկած կարող է հաջողել նաև այսպիսի բաներում։
Ինքնասարկազմ, ինտելեկտ-մեքենա
Կրոսը նախորդ մրցաշրջանում մի գրառում արեց, որը և՛ զվարճացրեց, և՛ զայրացրեց շատերի։ Երևի թե բոլորը կհիշեն, թե ինչ անհաջող ելույթներ էր ունենում «Ռեալը» 2018-ի աշնանը։ Եվ ահա մի քանի խաղ Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ ձախողելուց հետո «արքայական» ակումբը վերջապես հաղթում է։ Կրոսը գործի է դնում սարկազմն ու գրառում է կատարում հետևյալ բովանդակությամբ․
«Մենք Լա լիգայի խաղ ենք հաղթել երեկ»։
We won a league game yesterday. pic.twitter.com/h2hv83Fruh
— Toni Kroos (@ToniKroos) November 4, 2018
Գիտե՞ք՝ պետք է իրատես լինել։ Ճիշտ է՝ երբ թիմի խաղը չի ստացվում գուցե պետք չէ նման գրառում անել, բայց մի՞թե սա այն դրական կետը չէ, որ կա այս ամենի մեջ։ Մի խոսքով Կրոսի գրառումը միանշանակ չընդունվեց, բայց միևնույն ժամանակ ստիպեց ավելի ուշադիր լինել գերմանացուն սոցցանցերում։
Այս տարի, երբ «Ռեալը» խաղում է իրեն բնորոշ ֆուտբոլը, Կրոսի սոցցանցային էջերում գրեթե բան չի փոխվել։ Դարձյալ սարկազմով գրառումներ, որը միայն ուրախացնել կարող է։
looks faster than I am pic.twitter.com/sBzOOhRjza
— Toni Kroos (@ToniKroos) January 10, 2020
Այս լուսանկարը Կրոսը վերնագրել էր այսպես․ «Ավելի արագ, քան ես եմ»։ Ուրիշ ֆուտբոլիստներ լինեին, կտեղադրեին այս լուսանկարն ու կայծակի էմոջիներով կզարդարեին այն։ Եվ այո՛, գուցե ուրիշները այդքան արագ են, բայց Կրոսը երբեք չի փայլել իր արագությամբ ու դա գաղտնիք չէ։ Տոնին չի «նեղվում» դրանից, այլ ընդհակառակը հումորի բացառիկ տակտով խոսում է այդ մասին։
Կրոսի հումորը հասավ գագաթնակետին Իսպանիայի սուպերգավաթը հաղթելուց հետո։ «Մտածում էի՝ տեղադրե՞մ լուսանկար, թե՞ ոչ։ Բայց ես հիմա արդեն 30 եմ, ամեն տիտղոսը հաշված է»։
Was doubting if I should post a picture today… but I‘m 30 now! Every trophy counts! pic.twitter.com/AkLCQZLy4K
— Toni Kroos (@ToniKroos) January 12, 2020
Բացառիկ փաստ Տոնի Կրոսի մասին
Տոնի Կրոսը Արևելյան Գերմանիայում ծնված միակ գերմանացին է, ով ֆուտբոլի աշխարհի չեմպիոն է դարձել։ 2014 թվականին Տոնի Կրոսը Յոահիմ Լյովի 23 հոգանոց կազմի միակ ֆուտբոլիստն էր, ով Արևելյան Գերմանիայից էր։

Նախորդ 3 դեպքերում աշխարհի չեմպիոն դարձել է Արևմտյան Գերմանիայի հավաքականը։ 1954, 1974 և 1990 թվականներին Գերմանիայի հավաքականում դժվար թե գտնվի ֆուտբոլիստ, ով Արևելյան Գերմանիայից միգրանտ է եղել։ Համենայն դեպս, այդպիսիք հայտնի չեն։
Օրեր առաջ Տոնի Կրոսը Twitter-ում պատասխանում էր օգտատերերի հարցերին։ Նրա պատասխաններում բացառիկ պարզություն ու անկեղծություն կար։ Օգտատիրոջ այն հարցին, թե ինչ միտք առաջինը եկավ 2014 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց հետո, Տոնին պատասխանել է․«Լավ տեղափոխություն»։
Good move https://t.co/9vhzpdHSaI
— Toni Kroos (@ToniKroos) February 10, 2020
Դուք հասկանու՞մ եք։ Մարդիկ ամիսներ ու տարիներ են մտածում, թե ինչ ասել, երբ կգա Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու պահը, բայց Կրոսը մտածել է, որ սա լավ տեղափոխություն է ու գլուխը կախ աշխատելով՝ փորձել է ստանալ առավելագույնը դրանից։
Հաջորդ հարցը․«Երբևէ մտածու՞մ եք․«մենք 3 ՉԼ ենք հաղթել իրար հետևից»»։ Կրոսի պատասխանն է․«իհարկե, խենթություն էր»։ Ու այսպես շարունակ․․․
Of course. Was crazy. https://t.co/kAfLADSxxv
— Toni Kroos (@ToniKroos) February 9, 2020
Կրոսի բացառիկ ֆուտբոլիստ լինելու անկյունաքարերից մեկը նրա հարգանքն է թիմակիցների և, որն ամենակարևորն է, մարզիչների նկատմամբ։
Երեք մեջբերում իր մարզիչների մասին․
Կառլո Անչելոտի – Անչելոտին շատ է խոսում իր ֆուտբոլիստների հետ, ստեղծում է շատ ընկերական միջավայր։ «Ռեալի» հանդերձարանը շատ տխուր էր, երբ նա հեռացավ։
Խուլեն Լոպետեգի – Ֆուտբոլիստների համար մեծագույն պարտությունն այն է, երբ մարզիչը ստիպված է հեռանալ։ Մանավանդ այս դեպքում, երբ նա մեծագույն մարզիչ ու մեծագույն մարդ է։ Շնորհակալություն, Խուլե՜ն։
Զինեդին Զիդան – Զիդանը շատ ճիշտ գաղափարներ է տալիս ֆուտբոլիստներին։ Նա 20 րոպեանոց մոտիվացիոն տեքստ ասելու կարիք չունի։ Իր ներկայությամբ նա ամեն ինչ տալիս է։ Նրա անձը հոմանիշ է հաջողություն բառի հետ։
Արամ Սահակյան