«Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ ֆուտբոլիստներ ցանկանում են, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա թիմից, հայտնում է The Sun-ը:
Հրատարակության համաձայն՝ թիմում շատերը կնախընտրեին, որ պորտուգալացին հեռանա անգլիական ակումբից, և հանգուցալուծվի այլ թիմ նրա հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակը։ Ֆուտբոլիստների շրջանում աճում է դժգոհության մակարդակը հարձակվողի՝ ղեկավարության նկատմամբ վերաբերմունքից։
Աղբյուրը նաև նշում է, որ Ռոնալդուն ջենթլմենական պայմանավորվածություն է ունեցել ակումբի հետ, որ եթե «Յունայթեդը» չմասնակցի Չեմպիոնների լիգային, իրեն թույլ կտան հեռանալ:
Հաղորդվում է, որ խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը խաղացողին նոր ակումբ է գտել, սակայն «Յունայթեդի» սեփականատերերը՝ Գլեյզերսը, պնդում են, որ 37-ամյա հարձակվողը չի վաճառվում:
Նախորդ մրցաշրջանում Կրիշտիանուն թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցյալ օգոստոսին «Յուվենտուսից»: