Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում, Ադրբեջանի նկատմամբ տարած 3:1 հաշվով փայլուն հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով.
«Ադրբեջանի դեմ շատ նյարդային խաղ ստացվեց, քանի որ նախևառաջ շատ ուժեղ թիմ ունեն, անգամ առանց Ռաջաբովի, միևնույն է ՝ ուժեղ թիմ ունի: Խաղի սկիզբից լավ դիրքերում էինք, ու ունեինք առավելություն:
Մեր այս հաջողությունն իսկապես անակնկալ էր ոչ միայն շախմատային աշխարհի, այլև հենց մեզ համար, քանի որ խաղում էինք առանց Լևոն Արոնյանի: Կարողացանք գրեթե բոլոր կարևոր խաղերում հաղթել: Երբեք չէինք կարող սպասել այսպիսի արդյունքի: Անկախ նրանից վերջին տուրում ինչ կլինի, սա արդեն իսկ լավ արդյունք է մեզ համար:
Ո՞րն է Հայաստանի լավ խաղի գաղտնիքը. դժվարանում եմ ասել: Բոլորն են սիրում իրենց երկիրը, այս օլիմպիադան շատ յուրահատուկ է, յուրաքանչյուրը պայքարում ու կռվում է մինչև վերջ իր երկրի համար:
Այն, որ բոլորս իրար լավ ենք ճանաչում, շատ է օգնում: Մենք լավ ընկերներ ենք: Միգուցե այս առումով մենք առավելություն ունենք, գուցե թիմեր կան, որտեղ մթնոլորտն այնքան էլ լավը չէ, բայց մեր թիմում ամեն ինչ հիանալի է»,- ասել է Գաբրիել Սարգսյանը: