Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց էստոնական «Պայդեի» հետ։ Հիմնական ու լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում տեղի չունեցավ:
Խաղն ակտիվ սկսեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ու մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասին: 23-րդ րոպեին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին տանտերերը, սակայն հարձակվող թիմի ֆուտբոլիստի հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ հայկական թիմի առավելությամբ, սակայն առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց:
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի դիտարժան պայքարում: Խաղասկզբում հյուրերը կարող էին բացել հաշիվը: Հակոբ Հակոբյանի փոխանցումից հետո Ֆիրմինոն նպաստավոր դիրք դուրս եկավ, սակայն նրա հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը: Այս դրվագից անմիջապես հետո հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություն ունեին նաև դաշտի տերերը:
84-րդ րոպեին Հայաստանի փոխչեմպիոնն ուներ գոլ խփելու լավագույն հնարավորությունը, սակայն նախ Ֆիրմինոն վրիպեց, այնուհետև չստացվեց Դուարտեի հարվածը:
Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում նույնպես դարպասի գրավում չեղավ և թիմերը հաղթողին պարզեցին 11 մետրանոց հարվածաշարերում, որտեղ ավելի դիպուկ էին էստոնական թիմի ֆուտբոլիստները: «Արարատ-Արմենիայի» կազմում վրիպեց Դուարտեն:
Հիշեցնենք, որ «Պայդեն» որակավորման 3-րդ փուլում խաղալու է բելգիական «Անդերլեխտի» հետ: