«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:
Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: