Հայաստանի բասկետբոլի հավաքականը, ինչպես հայտնի է, երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ավարտված Sada Cup միջազգային մրցաշարում։ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի խոսքով՝ մրցաշարը հիանալի հնարավորություն էր թիմի իրական հնարավորությունները գնահատելու համար․ «Խաղի վերջին րոպեները վճռորոշ եղան։ Ամեն դեպքում, տղաները հիանալի բասկետբոլ ցուցադրեցին։ Ուրախ եմ այն ջանքերի համար, որ նրանք ներդրեցին այսօրվա խաղում։ Իսկապես շատ աշխատասեր թիմ ունենք, ինչը շատ կարևոր է ինձ համար։
Ինչ վերաբերում է Մալթայում կայանալիք առաջնությանը, ապա սպասում ենք միայն հաղթանակի։ Հիանալի մարզավիճակում ենք և գնում ենք հաղթանակի հետևից»։
Հայաստանի բասկետբոլի հավաքականը վաղը կմեկնի Մալթա՝ մասնակցելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը: