Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) հայտնել է, որ կիսաավտոմատ VAR տեխնոլոգիան, որը հայտնաբերում է խաղից դուրս վիճակը և կառավարվում է արհեստական ինտելեկտի միջոցով, կարող է կիրառվել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում, հաղորդում է ESPN-ը։
Կազմակերպության տվյալներով՝ խաղից դուրս վիճակը որոշելու համար պահանջվող ժամանակը, որոշ դեպքերում, հասնում է մինչև չորս րոպեի, ինչը լուրջ խնդիր է։
ՖԻՖԱ-ի կողմից մշակված կիսաավտոմատ տեխնոլոգիան պետք է կրճատի այս ժամանակը մինչև 3-4 վայրկյան՝ VAR-ին տրամադրելով ավելի արագ և ճշգրիտ տեղեկատվություն:
ՖԻՖԱ-ի մրցավարական ծառայության ղեկավարը մեկնաբանել է առաջիկա նորամուծությունը.
«Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: Մենք ցանկանում ենք հասնել ճշգրտության, ավելի արագ և ընդունելի լուծումների: Նոր համակարգն օգտագործում է նույն գործընթացը, ինչ դարպասների հատման տեխնոլոգիան, և մենք տեսանք, որ տեխնոլոգիան շատ լավ ընդունվեց ֆուտբոլային հանրության կողմից», — մեջբերում է Պիերլուիջի Կոլինայի խոսքերն աղբյուրը:
Կիսաավտոմատ VAR տեխնոլոգիան, որը հայտնաբերում է խաղից դուրս վիճակները, նաև կապահովի խաղից դուրս որոշման զգալիորեն բարելավված գրաֆիկական պատկեր, և կրկնությունները հասանելի կլինեն հեռարձակողների և մարզադաշտի էկրաններին 25 վայրկյանի ընթացքում: