«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն «Սևիլիայի» նկատմամբ Պրիմերայի 32-րդ տուրւմ տարած հաղթանակն առանցքային է անվանել երկրի չեմպիոնությունը նվաճելու ճանապարհին.
«Մենք առաջնությունը հաղթեցինք «Ռամոն Սանչես-Պիսխուան» մարզադաշտում: Այդ օրը մենք գիտեինք, որ եթե 3 միավոր չվաստակեինք, ապա «Բարսելոնան» շատ ավելի մոտ կլիներ մեզ:
Դա առանցքային հաղթանակ էր: Բացի 3 միավորը, այդ հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» բարոյալքվեց»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:
«Սևիլիայի» և «Ռեալի» միջև խաղը կայացել է ապրիլի 17-ին: 25-րդ րոպեին «Սևիլիան» 2-0 հաշվով առջևում էր հաշվի մեջ Իվան Ռակիտիչի և Էրիկ Լամելայի գոլերի շնորհիվ: «Ռեալը» երկրորդ կեսում հավասարեցրել է հաշիվը, իսկ 90+2-րդ րոպեին Բենզեման խփել է հաղթական գնդակը՝ 3-2: