Ավարտվեց Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանը։
Վերջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։ «Դեղին սուզանավի» կազմում գոլի հեղինակ դարձան Ալֆոնսո Պեդրասան և Մոյ Գոմեսը։ «Վիլյառեալը» վաստակեց 59 միավոր և մրցաշրջանն ավարտեց 7-րդ հորիզոնականում։ «Բարսելոնան» 73 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։ Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Ռոդրիգո Դե Պաուլը և Անխել Կորեան։ Տանտերերի միակ գոլը խփեց Խոն Ալդալուրը։ Դիեգո Սիմեոնեի սաները վաստակեցին 71 միավոր և եզրափակեցին լավագույն եռյակը։ «Ռեալ Սոսյեդադը» 62 միավորով 6-րդ տեղում է։
«Սևիլիան» 1-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց Ռաֆա Միրը։ «Սևիլիան» վաստակեց 70 միավոր և եզրափակեց լավագույն քառյակը։ «Ատլետիկը» 55 միավորով գրավեց 8-րդ տեղը։