«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա իսպանացի մասնագետի հետ նոր պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2025 թվականը։ Գվարդիոլայի և անգլիական թիմի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։
Գվարդիոլան գլխավորել է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է 10 գավաթ։ Նախկինում մասնագետը մարզել է նաև Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35 խաղից հետո Գվարդիոլայի թիմը 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին»: