Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Ռայո Վալեկանոյին» և նվազագույն հաշվով պարտություն է կրել։ Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 7-րդ րոպեին հեղինակել է հյուրերի կիսապաշտպան Ալվարո Գարսիան։
Նշենք՝ հանդիպման գլխավոր մրցավարը հիմնական ժամանակին 11 րոպե էր ավելացրել, սակայն թիմերը խաղն ավարտել են 114-րդ րոպեին, իսկ խաղավարտը բավականին լարված է ստացվել։
Մասնավորապես, հիմնական ժամանակի վերջին րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները կարող էին հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն ստանալ, երբ տուգանային հրապարակում Գավիի նկատմամբ կոպիտ խաղաց մրցակցի պաշտպանը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը խախտում չարձանագրեց՝ չնայած «Բարսելոնայի» ֆուտբոլիստների դժգոհություններին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ռայո Վալեկանոն» իր միավորների թիվը հասցրել է 40-ի և բարձրացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը, իսկ «Բարսելոնան» առաջնության ավարտից 5 տուր առաջ 63 միավորով շարունակում է մնալ երկրորդ տեղում՝ 15 միավոր զիջելով «Ռեալին»։ Մադրիդցիներին մնացել է 1 միավոր վաստակել՝ Իսպանիայի չեմպիոնությունն ապահովելու համար։