Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Բուլղարիայում ներկա է գտնվել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, պարգևատրել նորընծա չեմպիոն Էրիկ Իսրայելյանին և EUBC մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել Երևանում մայիսի վերջին անցկացվող Եվրոպայի առաջնությունից.
«Մեր մայրաքաղաք Երևանում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Հայաստանը բռնցքամարտում ավանդույթներ ունեցող երկիր է: Այս մարզաձևում մեր հսկան Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանն է: Մեր երկրում բռնցքամարտի շուրջ 50 ակումբներ կան և ընդհանուր առմամբ՝ 8000 բռնցքամարտիկ՝ երիտասարդներից մինչև մեծահասականեր:
Շնորհակալ ենք EUBC-ին Եվրոպայի առաջնության անցկացումը մեզ վստահելու համար: Այդ իրադարձությունը շատ կարևոր է մեզ համար, մեր ամբողջ երկրի համար և մենք այն շատ մեծ պատասխանատվությամբ կանցկացնենք: ԵԱ-ի բյուջեն 2,4 մլն դոլար է կազմում, որը մեզ տվել է ՀՀ Կառավարությունը»,- ասել է Հովհաննես Հովսեփյանը:
Հովսեփյանը նաև հույս է հայտնել, որ հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը կկարողանան մասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը:
Խոսելով Եվրոպայի երիտասարդների նորընծա չեմպիոն Էրիկ Իսրայելյանի մասին՝ Հովսեփյանը նշել է, որ նա մեր լավագույն երիտասարդ բռնցքամարտիկներից մեկն է. «Բուլղարիայում Եվրոպայի երիտասարդների առաջնության կազմակերպչական մակարդակն, ինչպես միշտ, շատ բարձր է: Եվրոպայի մայրցամաքում թույլ ազգեր չկան, երկրների միջև տարբերությունները շատ չնչին են: Էրիկ Իսրայելյանը մեր հույսն է ապագայի համար»,- ասել էՀովսեփյանը: