VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Նորավանքը» Երևանի Ջունիոր սպորտ մարզադաշտում ընդունել էր «Ուրարտուին» և 3-2 հաշվով հաղթանակ տարել:
Այս հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը․
«Խաղը շատ դիտարժան ստացվեց։ Հանդիպումը գոլային պահերով հարուստ էր։ Մենք գիտեինք, որ մրցակիցը շեշտը դնում է գնդակը վերահսկելու վրա և առաջին խաղակեսում դա նրանց մոտ ստացվեց։ Սակայն չեմ կարծում, որ գոլային պահերը շատ էին մեր դարպասի մոտ։ Հավասար ֆուտբոլ էր առաջին խաղակեսում։ Առաջին խաղակեսում մենք լավ չէինք կատարում պրեսինգը։
Ընդմիջումից հետո մենք շտկեցինք մեր բոլոր սխալները։ Երկրորդ խաղակեսում չէինք զիջում՝ գնդակը վերահսկելու առումով։ Կատարեցինք ճիշտ տակտիկական փոփոխություններ, խաղադաշտ դուրս բերեցինք ֆուտբոլիստներ, ովքեր օգնեցին հաղթելու այսօրվա խաղում, փոխեցինք նաև խաղային սխեման։ Այսօր կատարվեց շատ լավ աշխատանք, թիմային աշխատանք, որը մեզ բերեց հաղթանակ»,- ասել է Գևորգյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս հաղթանակի շնորհիվ »Նորավանքն» իր միավորների թիվը հասցրել է 23-ի և ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ուրարտուն» 30 միավորով 6-րդն է: