Transfermakt պորտալը կազմել է Վրաստանի առաջնությունում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։
Առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Խվիչա Կվարացխելիան է, ով վերջերս է ռուսական «Ռուբինից» տեղափոխվել Բաթումիի «Դինամո»։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 16 մլն եվրո․ հատկանշական է, որ դա գրեթե 6 անգամ ավելի բարձր է, քան երկրորդ տեղում ընթացող Զուրիկո Դավիթաշվիլիի տրանսֆերային արժեքը։ Վերջինս ևս օրերս է համալրել «Դինամոյի» կազմը։
Վրաստանի առաջնությունում հանդես է գալիս 257 ֆուտբոլիստ։ Բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 60 մլն եվրո (59,67 մլն):
Ստացվում է՝ միայն Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կազմում է ամբողջ առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ընդհանուր արժեքի ավելի քան 1/4-ը (26,8%)։
Բացահայտ է նաև Բաթումիի «Դինամոյի» առավելությունը մյուս ակումբների նկատմամբ՝ թիմում հանդես եկող ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով։ Բաթումիի թիմի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 27 մլն եվրո (որի կեսից ավելին Խվիչայի և Զուրիկոյի տրանսֆերային արժեքն է), ինչը 4 անգամ ավել է, քան Թբիլիսիի «Դինամոյի» ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը։
Նշենք, որ Խվիչան և Զուրիկոն օգտվել են վերջերս ՖԻՖԱ-ի կողմից առաջարկած կանոնադրությունից, որը թույլ էր տալիս Ռուսաստանում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստներին միակողմանիորեն կասեցնել պայմանագրերը ռուսական ակումբների հետ։ Կվարացխելիան և Դավիթաշվիլին խզել են պայմանագրերը համապատասխանաբար «Ռուբինի» և Տուլայի «Արսենալի» հետ՝ տեղափոխվելով վրացական ակումբ։