VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Նորավանքը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է «Վանին» և 7-1 հաշվով ջախջախիչ հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է խաղի արդեն 2-րդ րոպեին՝ «Նորավանքի» նիգերիացի ֆուտբոլիստ Շուայբու Իբրահիմի խփած գոլի շնորհիվ: 5 րոպե անց Արամ Քոչարյանը կրկնապատկել է տանտերերի առավելությունը, իսկ 25-րդ րոպեին Յենե Տենտոնը խփել է իր թիմի երրորդ գնդակը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Իբրահիմը դուբլ է ձևակերպել և թիմերն ընդմիջման են գնացել 4-0 հաշվի պայմաններում:
Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում մեկ գնդակ ետ է բերել աֆրիկացի հարձակվող Ջեյսոն Կլիֆորդը՝ 67-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:
Այդուհանդերձ, մինչև խաղավարտ «Նորավանքի» ֆուտբոլիստները ևս 3 գոլ են խփել և հաղթել խոշոր հաշվով: Թիմի ռուս հարձակվող Սերգեյ Օռլովը 5 րոպեում երկու գոլ է խփել՝ աչքի ընկնելով 76-րդ և 81-րդ րոպեներին, 90+2-րդ րոպեին էլ դուբլի հեղինակ է դարձել Յենե Տենտոնը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակից հետո «Նորավանքն» ու «Վանը» միավորներով հավասարվել են՝ 17-ական, սակայն «Նորավանքը» լրացուցիչ ցուցանիշներով բարձրացել է 7-րդ հորիզոնականը, իսկ «Վանը» նահանջել 6-րդ տեղը: