Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու արդեն նաև Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Մալխաս Ամոյանը Բուդապեշտում անցկացված ԵԱ-ում հաղթող ճանաչվելուց հետո ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Եվրոպայի առաջնությունում 5 գոտեմարտ անցկացրեցի: Շատ լավ էի պատրաստվել, շատ լավ մարզավիճակում էի: Մարզիչների հրահանգները ճիշտ կատարելով՝ կարողացա լավ գոտեմարտեր անցկացնել ու հաղթող ճանաչվել: 77 կգ քաշային կարգում մրցակիցները ֆիզիկապես մի փոքր ավելի ուժեղ էին, քան 72-ում, բայց լավ է՝ դա ինձ չխանգարեց»:
Ամոյանն ասում է՝ կրկնակի երջանիկ է, երբ տեսնում է՝ ինչպես են իր հաղթանակով ուրախանում երկրպագուները.
«Անբացատրելի զգացողություններ ունեմ Եվրոպայի չեմպիոն դառնալու առթիվ: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթող ճանաչվել: Կրկնակի երջանիկ եմ, երբ տեսնում եմ, թե ժողովուրդն ինչպես է ուրախանում իմ հաղթանակով. սա ինձ պարտավորեցնում է, որ ձգտեմ Հայաստանի դրոշը միշտ բարձր պահել»:
Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոնությունը նվաճել է ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին՝ ապիլի 2-ին՝ եզրափակչում հաղթելով թուրք ըմբիշին: Ասում է՝ իր համար շատ կարևոր է այն, որ կարողացել է փոքր-ինչ ուրախացնել մեր հայրենակիցներին:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն էլ երիտասարդ ըմբիշի խոսքով, շատ կարևոր էր իր համար. «Իմ սպորտային մեդալների շարքում այն բացակայում էր: Նախորդ տարի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր էի դարձել և հիմա, Փառք Աստծո, կարողացա հաղթել ու լրացնել այդ բացը: Յուրաքանչյուր մեդալ իր ուրույն տեղն ունի իմ կյանքում»:
Ամոյանն, ինչպես հայտնի է, տեղափոխվել է օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգ: Ասում է՝ պետք է ավելի շատ աշխատի՝ այս հաջողությունը կրկնելու համար. «Պետք է ավելի շատ մարզվեմ ու ֆիզիկապես ավելի պատրաստ լինեմ այս քաշին: Հիմա մի փոքր կհանգստանամ և կսկսենք պատրաստվել աշխարհի առաջնությանը: Դեռ բավականին ժամանակ կա, մինչ այդ նաև հավաքներ կունենանք ու հուսով եմ՝ լավագույնս կպատրաստվենք»:
Նշենք՝ ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: