2019 թվականի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, ինչպես հայտնի է ,դուրս է եկել եզրափակիչ, որտեղ այսօր կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի հետ:
Մեդալային հույսեր է պահպանում նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Նա կիսաեզրափակչում 1:7 հաշվով զիջել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռիո-2016-ի մեդալակիր, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոյին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայ ըմբիշներն արդեն իսկ 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:
70 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը գոտեմարտել է վրացի Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:
23-ամյա Անդրեասյանը մեծահասակների պայքարում առաջին անգամ է մեդալակիր դարձել:
57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում էլ Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Նիկլաս Ստեչելի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուն մոտ էր նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը: Վճռորոշ գոտեմարտում, սակայն, նա 7-9 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը քառորդ եզրափակչում 0:4 հաշվով պարտություն է կրել և լքել պայքարը, իսկ 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը քառորդ եզրափակչում 0:10 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին: