Ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականը որոշել է ժամանակից շուտ նշել Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգրի ձեռքբերումը՝ դեռ չապահովելով իր տեղը ԱԱ-ում։
ԱՄՆ-ի հավաքականը կիրակի օրը ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարում ընդունել է Պանամայի ընտրանուն՝ սեփական հարկի տակ հաղթելով 5-1 հաշվով։
Խաղի ավարտից հետո ֆուտբոլիստները երկրպագուների առջև բացել են «Որակավորված ենք» գրությամբ պաստառ։ Միևնույն ժամանակ, մաթեմատիկորեն, ԱՄՆ-ի հավաքականը դեռ չի ապահովել մասնակցությունը մրցաշարին. ընտրական վերջին փուլում Կոստա Ռիկայից խոշոր հաշվով պարտության դեպքում ամերիկացիները կարող են հայտնվել չորրորդ տեղում և ստիպված կլինեն խաղալ փլեյ-օֆֆում։
Ավելի ուշ որոշ խաղացողներ խոստովանել են, որ պաստառը բացվել է սխալմամբ։ ԱՄՆ-ի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգրի համար վճռորոշ հանդիպումը կանցկացնի չորեքշաբթի օրը՝ մարտի 30-ին, Կոստա Ռիկայի հետ։