Կանադայի հավաքականը նվաճել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր՝ որակավորման փուլում հաղթելով Ճամայկային: Տորոնտոյում կայացած հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։
Կանադացիների կազմում աչքի ընկան Քայլ Լարինը, Թայոն Բուչենանը և Դեյվիդ Հոյլեթը, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց ճամայկացի Ադրիան Մարիապան։
Կանադայի հավաքականը 13 խաղում վաստակեց 28 միավոր և մեկ տուր առաջ երաշխավորեց տեղը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական փուլի լավագույն եռյակում, որը երաշխավորում է մասնակցությունը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին։
⚽ ԱՄՆ-ի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Պանամայի նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Օրլանդոյում և ավարտվեց 5-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը։ Մեկական գոլ խփեցին Փոլ Արիոլան և Խեսուս Ֆերեյրան։ Պանամայի կազմում աչքի ընկավ Անիբալ Գոդոյը:
⚽ Մյուս հանդիպումներում Մեքսիկան նվազագույն հաշվով հաղթել է Հոնդուրասին՝ 1:0, իսկ Կոստա Ռիկան՝ Էլ Սալվադորին՝ 2:1։
ԱՄՆ-ի և Մեքսիկայի հավաքականները վաստակել են 25-ական միավոր և ընտրական խմբում կիսում են 2-3-րդ տեղերը։ Կոստա Ռիկան 22 միավորով 4-րդ տեղում է։ Այս 3 թիմերը կպայքարեն ԱԱ-2022-ի մնացած ուղեգրերի համար։ Նշենք, որ 4-րդ տեղը զբաղեցրած թիմը փլեյ-օֆֆում կխաղա Օվկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գոտու ընտրական փուլի հաղթողի հետ։