Հայաստանի վեցակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, քառակի փոխչեմպիոն և եռակի բրոնզե մեդալակիր «Միկա» ակումբը նորից հանդես կգա Հայաստանի ուժեղագույն առաջնություններում: 2022/23 մրցաշրջանում նախկինում մեծ փառք վայելած թիմին կտեսնենք Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:
Վերադարձի, նոր անելիքների և թիմի մասին ArmSport-ը զրուցել է «Միկա» ակումբի նախագահ Ստեփան Գևորգյանի հետ.
«Օգոստոսից կսկսենք հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: «Միկան» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը միշտ ներկայացված է եղել Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններում, բայց հովանավորի սնանկացումից հետո՝ 2015/16 թվականներից կարողացանք պահել միայն մանկապատանեկան թիմերը: Այս ընթացքում գործել է միայն «Միկայի» մանկապատանեկան դպրոցը, ու հիմա ցանկանում ենք մեր դպրոցի սաներով հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Մեր ակումբում խաղալու են մեր երիտասարդ ֆուտբոլիստները: Ցանկանում ենք ավելի շատ ֆուտբոլիստներ տրամադրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներին»,- մեզ հետ զրույցում ասում է Ստեփան Գևորգյանը:
«Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Սամվել Սարգսյանը, երկրորդ մարզիչը Սողոմոն Սիմոնյանն է: Ակումբի նախագահի խոսքով, առայժմ կաշխատեն այս երկու մարզիչները, իսկ հետագայում կմտածեն շտաբը համալրելու ուղղությամբ.
«Թիմը պատրաստվում է օգոստոսին մեկնարկելիք առաջնությանը: Մեր մանկապատանեկան դպրոցում 300-400 երեխա է մարզվում, այնպես որ հենց մեր՝ 16-18 տարեկան սաներից էլ թիմը կազմվել է: Հնարավոր է՝ մեկ-երկու նորեկներ էլ ունենանք, բայց շեշտը դրվելու է մեր սաների վրա»:
«Միկայի»՝ 2016 թվականից Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններից հեռանալը Ստեփան Գևորգյանի խոսքով իր բացասական ազդեցությունն ունեցել է ակումբի վրա. «Այն, ինչ եղավ «Միկայի» հետ, շատ ցավալի էր: Ոչ ոք չէր սպասում, որ «Միկայի» նման հզոր ակումբը կարող է քանդվել: Դրանից հետո, կարծես, 0-ից սկսեցինք՝ 6-7 թիմով, աստիճանաբար թիմերի քանակն ավելացավ: Հիմա 9 թիմ ունենք, որ մասնակցում է Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններին: Դպրոցում ընդհանուր առմամբ 15 թիմ ունենք, ֆուտբոլիստներ ենք մատակարարում Հայաստանի մանկապատանեկան հավաքականներին: Աստիճանաբար մոտենում ենք այն մակարդակին, ինչ ունեինք այն ժամանակ: 7 տարի հետ ընկանք, բայց հիմա գոնե 80%-ով մոտեցել ենք նախկին մակարդակին: Արդեն պատրաստ ենք Առաջին խմբի թիմ պահել, ու եթե շուտով կարողանանք նաև Բարձագույն խմբին մասնակցել, կարող ենք ասել՝ վերականգնում ենք «Միկան»:
Ստեփան Գևորգյանն ասում է՝ մեծ ծախսեր իրենց թույլ տալ չեն կարող, քանի որ չունեն հովանավորներ. «Խաղալու ենք մեր դպրոցով, թեև սուղ պայմաններով, բայց ամեն ինչ կանենք Առաջին խմբում լավ թիմ ունենալու համար: Բնական է՝ մրցանակային տեղերին հավակնելը դժվար կլինի: Մեր հիմնական նպատակը մեր պատանի ֆուտբոլիստներին խաղային պրակտիկայով ապահովելն ու նրանց խաղամակարդակը բարձրացնելն է: Եթե հիմա մեր ակումբից 3-4 ֆուտբոլիստ է հրավիրվում Հայաստանի հավաքականներ, ապա այդ ժամանակ արդեն 8-10 ֆուտբոլիստ կարող է հրավիրվել»:
Ստեփան Գևորգյանը շեշտում է՝ իրենց գլխավոր նպատակն ազգային ֆուտբոլի զարգացումն է, թեև ամեն ինչ անելու են, որպեսզի թիմը նաև լավ մրցակցություն կարողանա ապահովել առաջնությունում:
Թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի «Միկա» մարզադաշտում: