Քրիստիան Էրիկսենի՝ Դանիայի հավաքական վերադարձը սրտի նոպայից 9 ամիս անց, հետաձգվում է։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հրավիրվել էր ազգային հավաքական՝ Նիդերլանդների և Սերբիայի թիմերի հետ ընկերական խաղերին մասնակցելու։ Բայց կիսապաշտպանի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է և նա չի մասնակցի թիմի մարզումներին։
«Ցավոք, Քրիստիան Էրիկսենի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է ու նա հավաքականի հետ չի լինի երկուշաբթի։ Սպասվում է, որ նա կկարողանա մարզական հավաքին միանալ Նիդերլանդների ու Սերբիայի հավաքականների դեմ խաղերի շաբաթվա ընթացքում»,- ասված է Դանիայի հավաքականի թվիթերյան էջում։
Դանիայի հավաքականը մարտի 26-ին Ամստերդամում կխաղա հոլանդացիների հետ, իսկ մարտի 29-ին Կոպենհագենում կընդունի սերբերին։