«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ակումբում ստեղծված իրավիճակի մասին ու արձագանքել իր՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ շշուկներին:
«Սովորաբար շշուկների հանդեպ անտարբեր եմ։ Այս պահին ես մնալու շատ պատճառներ ունեմ։ Արդեն շատ անգամներ եմ ասել, որ ինձ դուր է գալիս այս ակումբում աշխատելը։ Առաջին օրվանից անհավանական աջակցություն եմ զգում։ Դա ինձ օգնում է ապահով զգալ ու անել հնարավոր ամեն բան, որ օգուտ տամ թիմին։
Ցավոք, «Չելսին» հիմա դժվարին իրավիճակում է հայտնվել, և մյուս ակումբները դրանից շահ են փնտրելու․ այդպիսին է գազանի բնույթը։ Եկեք տեսնենք՝ ինչ կլինի հետո։ Հիմա դժվար ժամանակներ են, և անորոշությունը որոշ մարդկանց մոտ կարող է վախ ու հարցեր առաջացնել, և դա լրիվ նորմալ է։
Մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու ու դրական տրամադրվածություն ենք պահպանում։ Հուսով եմ՝ նոր սեփականատերերը սիրում են հաղթել, դա մեծ առավելություն կլինի»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։