Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացառել է ասիական երկրների և ԱՊՀ երկրների համատեղ առաջնությանը հայկական ակումբների մասնակցության հնարավորությունը, որը կարող է անցկացվել միջազգային մրցաշարերից ռուսական թիմերի դուրս մնալուց հետո։
-Այս դեպքում չափազանց շատ հարցեր կլինեն, որոնք պետք է քննարկվեն,- Մինասյանի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը,- Մեր ակումբները խաղում են իրենց առաջնությունում, ուղեգրեր ունեն դեպի Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա։ Հիմա սա բարդ հարց է։ Այս փուլում դա հնարավոր չէ։
— Կհամաձայնվե՞ն եվրոգավաթները փոխանակել ինչ-որ անալոգով, կրկին ասիական երկրների, ԱՊՀ-ի ակումբների մասնակցությամբ։
— Դուք էլ գիտեք հիմա ինչ է կատարվում աշխարհում, նոր կարգեր։ Ամեն ինչ կախված է քաղաքականությունից։ Աստված տա, որ այս իրադարձություններն ավելի արագ ավարտվեն, դրանք ոչ մեկին պետք չեն։ Դրանից հետո ոչ միայն սպորտում, այլև աշխարհում շատ բան կփոխվի՝ նույն քաղաքականության մեջ, միջազգային հարաբերություններում։ Հիմա դժվար է ինչ-որ բան գուշակել, և ոչ միայն սպորտում։