Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի մեր ընտրանին զբաղեցրել է թիմային 4-րդ տեղը, հունահռոմեականը՝ 5-րդ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ): Բրոնզե մեդալի համար պայքարում էլ Էդիկ Հարությունյանը (57 կգ) 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրք Յուսուֆ Դեմիրի նկատմամբ, իսկ Նորիկ Հարությունյանը (61 կգ) նույն 10:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն էլ 3 բրոնզե մեդալ էր նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):