Այսօր՝ փետրվարի 14-ին, Հայաստանի վերջին ներկայացուցիչները հանդես եկան Պեկին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:
Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը պարային զույգերի պայքարում զբաղեցրին 18-րդ տեղը: Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու ծրագրերի համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել: Կարճ ծրագրում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 65.87 միավոր էին վաստակել և 19-րդ տեղով դուրս էին եկել եզրափակիչ:
«Եթե հաշվի առնենք, որ Հայաստանն այդ մարզաձևում վերջին 16 տարիների ընթացքում ներկայացված չի եղել, ապա մեզ համար սա լավ արդյունք է։ Գուցե միջազգային մակարդակով այս ցուցանիշը բարձր համարել չի կարելի, բայց մենք կարող ենք հպարտանալ դրանով:
Զույգի տրամադրությունը շատ բարձր է։ Օլիմպիական խաղերին մասնակցելը Թինայի և նրա մայրիկի` Մարալի երազանքն էր։ Նրա ընտանիքն ամեն բան արեց, որ Թինան մարզվի և իրականացնի իր երազանքը։ Այժմ նրանց երջանկությանը չափ չկա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։