Արթուր Ավագյանը օրերս պայմանագիր ստորագրեց «Նորավանքի» հետ։ Նրա նախկին երկու թիմերը՝ «Լոռին» և «Սևանը» այլևս հանդես չեն գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Անհաջողություններից չկոտրվելու, դեպի նպատակները քայլելու և նոր թիմ տեղափոխվելու մասին ArmSport-ը զրուցել է փորձառու պաշտպանի հետ։
-Ինչպե՞ս ստացվեց «Նորավանք» տեղափոխությունդ։
— Գլխավոր մարզչի հետ հանդիպեցի, զրուցեցինք ու հասկացա, որ պիտի տեղափոխվեմ «Նորավանք»։ Գլխավոր մարզչի գործոնը շատ մեծ է իմ տեղափոխության հարցում։
-Ճիշտ է, ակումբը դեռ մեծ ակտիվությամբ տրանսֆերներ է իրականացնում, բայց այս պահի դրությամբ ի՞նչ թիմ է հավաքվել։
— Առաջնության ընթացքում ցույց կտանք, բայց, իմ կարծիքով, բավականին մարտունակ թիմ ունենք, որ ամեն խաղում պիտի 3 միավորի համար պայքարի։
-Իսկ թիմի առջև դրված գլխավոր նպատակը ո՞րն է։
-Որքան հնարավոր է բարձրանալ VBET Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում և պայքարել Գավաթի համար։
-Քո վերջին երկու թիմերից, այսպես ասած, հարկադրված հեռացար, որովհետև դրանք այլև ՀՊԼ-ում չեն․․․նախ, «Լոռիի» հետ կապված ի՞նչ հուշեր ունես և ի՞նչ հույսեր, որովհետև հրաժեշտի նամակում մի օր վերադառնալու հույս էիր հայտնել։
-Հուշերս միայն դրական են։ «Լոռիին» Բարձրագույն խմբում կրկին տեսնելու ցանկությունս մեծ է։ Իսկ ինչ վերաբերում է իմ վերադառնալուն՝ ժամանակը ցույց կտա։
-«Սևանը» սկանդալով դուրս մնաց առաջնությունից․ ինչպիսի՞ն էր մթնոլորտը թիմի ներսում, ի՞նչ տվեց քեզ այդ ակումբում անցկացրած ժամանակը։
-Թիմի ներսում շատ լավ մթնոլորտ է եղել՝ բոլոր առումներով, ակումբի նախագահից մինչև ֆուտբոլիստներ․․․Իսկ առաջնությունից դուրս մնալուն չեմ ուզում անդրադառնալ։ Միայն կասեմ, որ շատ ծանր եմ տարել թիմի փակվելը․ շատ մեծ աշխատանք էր տարվել, շատ մեծ պատիվ էր այդ թիմի անդամն ու ավագը լինելը։
-Քո երկու սիրելի թիմերի՝ նման ճակատագրից հետո չե՞ս հուսահատվել, ֆուտբոլը թողնելու ցանկություն չի՞ առաջացել այդ ընթացքում։
-Շատ դժվար օրեր են եղել, բայց երբեք չեմ մտածել ֆուտբոլը թողնելու մասին։
-Իսկ անձամբ քեզ անհաջողություններից հետո ի՞նչն է օգնում չհուսահատվել ու առաջ շարժվել։
-Ես ընդհանրապես իմ էությամբ հեշտ հուսահատվող չեմ։ Կարծում եմ՝ անհաջողություն է առաջ չշարժվելը։
-Դու խաղացել ես նաև Ղազախստանում, նորից արտասահմանում հանդես գալու ցանկություն չունե՞ս։
-Իհարկե, եթե լավ առաջարկ լինի, ցանկություն կա։ Բայց հիմա ամբողջ ուժերս պետք է ներդնեմ «Նորավանքի» հաջողության համար։
-Իսկ մարզավիճակդ ինչպիսի՞ն է հիմա։
-Աստիճանաբար լավ մարզավիճակ եմ ձեռք բերում։ Դեռ շատ ավելացնելու տեղ կա։ Կարծում եմ՝ առաջնությանը պատրաստ կլինեմ։
-Դու վաղուց ես մեր առաջնությունում, ըստ քեզ՝ առաջնության մակարդակը տարեցտարի փոխվո՞ւմ է։
-Ամեն տարի էլ ունեցել է իր թե՛ դժվար, թե՛ հեշտ կողմերը։ Ընդհանուր ֆուտբոլի մակարդակն ամբողջ աշխարհում է աստիճանաբար արագանում, ավելի շատ տակտիկական մտահղացումներ են լինում, ու բնականաբար, մեզ մոտ էլ առաջընթաց է լինում։
Ստելլա Բաբլոյան