«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատրաստ է վերականգնել հարաբերությունները հարձակվող Անտոնի Մարսիալի հետ, ում հետ տարաձայնություններ ուներ, հայտնում է ESPN-ը:
Հիշեցնենք՝ Ռանգնիկը հայտարարել էր, որ Մարսիալը չի ցանկացել ընդգրկվել ԱՊԼ-ի 22-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղի հայտացուցակում (2-2): Ֆրանսիացին պատասխանել էր, որ դա այդպես չէ. «Երբեք չեմ հրաժարվի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ես այստեղ եմ արդեն 7 տարի, և երբեք անարգանք չեմ դրսևորել ակումբի և երկրպագուների հանդեպ»:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռանգնիկը դրանից հետո շփվել է հարձակվողի հետ և ասել է, որ խոսել է ոչ թե ցանկություն չունենալու, այլ այն մասին, որ Մարսիալը «չի զգում, որ կարող է խաղալ»: Գերմանացի մասնագետը կարծում է՝ սա ուղղակի թյուրիմացություն է, և պատրաստ է վերականգնել աշխատանքային հարաբերությունները ֆուտբոլիստի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարսիալը ցանկանում է հեռանալ ՄՅՈՒ-ից հունվարին: