Ղազախստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը Meta-ratings.kz-ին տված հարցազրույցում խոսել է քաղաքացիությունը փոխելու հետ կապված իրավիճակի մասին.
Նաջարյանը ծնվել է Երևանում, բայց 2 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կարագանդա: Եղել է Ղազախստանի երիտասարդական հավաքականի առաջատարներից մեկը, մեկ խաղ էլ անցկացրել է Ղազախստանի ազգային թիմի կազմում: Վերջերս 24-ամյա ֆուտբոլիստը հեռացավ Կարագանդայի «Շախտյորից» և այժմ զբաղված է նոր ակումբի փնտրտուքներով.
-Գևորգ, ճի՞շտ է, որ ցանկանում ես հանդես գալ Հայաստանի հավաքականում:
-Ինչ վերաբերում է ազգային հավաքականի հետ կապված թեմային, ապա ասեմ, որ Ղազախստանն իմ հայրենիքն է, և ինձ համար պատիվ է եղել միջազգային հարթակներում իմ երկիրը ներկայացնելը: Հայաստանն իմ պատմական հայրենիքն է: Հայաստանի հավաքականից հրավեր չեմ ստացել: Իրենց կողմից միայն խոսակցություններ են եղել:
-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քեզ զանգահարե՞լ է:
-Դե, զանգահարել են, հետաքրքրվել են, բայց կոնկրետ հրավեր չի եղել:
-Վերջերս ընդգրկվել էիր Ղազախստանի հավաքականի ընդլայնված ցանկում:
-Ներկայիս մարզչական շտաբի օրոք ես չեմ ընդգրկվել հավաքականի կազմում: Եղել եմ միայն թեկնածուների ցանկում, երբ թիմը գլխավորում էր Միխալ Բիլեկը: Նրա օրոք նաև մասնակցել եմ Մոլդովայի դեմ ընկերական խաղին:
-ԶԼՄ-ներում վերջւերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ ուկրաինական «Վորսկլան» հետաքրքրված է քո ծառայություններով:
-Այդ ակումբի կողմից հետաքրքրության մասին ես ևս իմացել եմ համացանցից, այդ իսկ պատճառով չեմ կարող ոչինչ ասել:
-Իսկ վերջին շրջանում արտասահմանյան ի՞նչ թիմեր են կապ հաստատել քեզ հետ:
-Արտասահմանից տարբերակներ կան: Դեռևս դիտարկում եմ դրանք: Կարծում եմ՝ շատ շուտով հայտնի կդառնա՝ որտեղ կշարունակեմ կարիերաս: