Չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ՝ «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում մադրիդցիների հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Այժմ նա իր հաշվին ունի 12 գոլ և 10 գոլային փոխանցում Էլ Կլասիկոներում։
Այսպիսով, ֆրանսիացին երկնիշ քանակի գոլերով ու գոլային փոխանցումներով դարձավ Լիոնել Մեսսիից հետո երկրորդ խաղացողն էլ Կլասիկոյում։ Արգենտինացին ունի 26 գոլ և 14 գոլային փոխանցում իր ակտիվում:
Հավելենք, որ էլ Կլասիկոյում Մադրիդի «Ռեալն» առաջինն է հաղթել 100 խաղում։ «Բարսելոնան» ունի 96 հաղթանակ, ևս 52 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: