Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում:
ԿԳՄՍ պաշտոնական կայքի հետ զրույցում Արթուր Դավթյանն ի թիվս այլ հարցերի՝ խոսել է նաև առաջիկա նպատակների մասին.
«Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»,- ասել է Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով ապագայի հեռանկարներին՝ Դավթյանը դժվարացել է պատասխանել՝ արդյոք կշարունակի՞ մնալ մարմնամարզությունում. «Մարզչի դերը շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է: Երևի չէի ցանկանա մարզիչ դառնալ, թեև չեմ էլ բացառում:
Երեխաների հետ աշխատելը հեշտ չէ: Ամեն մարդ չի կարող մարզիչ լինել: Ամեն դեպքում կարիերաս ավարտելուց հետո շատ կուզենամ օգնել մեր պատանի սերունդներին և իմ ուժերի ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի մեր մարզաձևը զարգանա»:
Դավթյանը նշել է՝ մարզիչների դերը շատ մեծ է այս մարզաձևում. առանց մարզչի ոչինչ չի կարող ստացվել: Այս համատեքստում Արթուրն ընդգծում է մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի բացառիկ դերակատարությունը. «Ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ թիմի հաջողություններում շատ մեծ է Հակոբ Սերոբյանի դերը: Մեր մարմնամարզությունը հենց ինքն է ոտքի կանգնեցրել: Էլի լավ մարզիչներ ունենք՝ Սոս Սարգսյանը, Հայկ Նազարյանը»: