Գերմանական Օբերհոֆում ավարտվեց բիաթլոնի՝ աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլը։
Մրցումային վերջին օրը կայացան տղամարդկանց և կանանց հետապնդում մրցաձևերը։ Տղամարդիկ պայքարեցին 12,5 կմ, կանայք՝ 10 կմ մրցատարածությունում։
Տղամարդկանց մրցապայքարում 36 րոպե 48,3 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց ֆրանսիացի Կենտեն Ֆիյոն Մայեն։ Առաջատարին 9,9 վայրկյանով զիջեց շվեդ Սեբաստիան Սամուելսոնը։ Լավագույն եռյակը 37 րոպե 3,9 վայրկյան արդյունքով եզրափակեց նորվեգացի Տարեյ Բյոն։
Ընդհանուր հաշվարկում 461 միավորով առաջատարն է Կենտեն Ֆիյոն Մայեն։ 449 միավորով երկրորդն է մեկ այլ ֆրանսիացի՝ Էմիլյեն Ժակլենը։ Եռյակը 425 միավորով եզրափակում է Սամուելսոնը։
Կանանց հետապնդում մրցաձևում 33 րոպե 18,8 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց նորվեգացի Մարտե Ռյոյսելանդը։ Վերջինիս 33,4 վայրկյանով զիջեց շվեդ Հաննա Էբերգը։ Եռյակը 34 րոպե 1,5 վայրկյան արդյունքով եզրափակեց բելառուս Դինարա Ալիմբեկովան։
Ընդհանուր հաշվարկում 537 միավորով առաջատարը Ռյոյսելանդն է։ Էբերգն ունի 449, Ալիմբեկովան՝ 418 միավոր։
Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ տուրը կմեկնարկի հունվարի 12-ին գերմանական Ռուպոլդինգում։