Հետպատերազմյան տարին ծանր էր նաև մարզաշխարհի համար, ինչը ակներև էր հատկապես հայ մարզիկների ցույց տված արդյունքներից։ Ամեն դեպքում, տարում քիչ չէին նաև հաղթանակներն ու նվաճումները։ 16 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մասնակից կունենա գեղասահքում։
ArmSport–ի հետ զրույցում Հայաստանի Գեղասահաքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ամփոփել է տարին, խոսել առաջիկա ծրագրերի մասին։
«Ընդհանուր առմամբ լավ ենք հանդես եկել այս տարի, չհաշված մեր հանդեպ եղած անարդարություններն Աշխարհի առաջնությունում, որտեղ մեր զույգին թույլ չէին տալիս ելույթ ունենալ՝ պատճառաբանելով, որ վարակակիր են։ Սեպտեմբերին մասնակցեցինք վարկանիշային մրցաշարի, շատ լավ ելույթ ունեցանք ու կարողացանք Ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։ Դրանից հետո լավ արդյունքներ ենք ցույց տվել միջազգային մրցաշարերում»,–ասում է ֆեդերացիայի նախագահը և հավելում, – չեմ սիրում նախապես խոսել, Աստված առաջ, չեմ կարող ասել թե ինչ արդյունք կունենանք Օլիմպիական խաղերում։ Աստված տա, լավ լինի։ Մեր զույգը շատ լավն է ու լավ նախապաստրատվել է։ Ինչպես կյանքում, այնպես էլ գեղասահքում անարդարությունը շատ մեծ է։ Մնում է չխանգարեն մեզ»,–ասում է Ստեփանյանը։
Սիմոն Սենեկալն ու Թինա Կարապետյանն այս օրերին մարզվում են Կանադայում։ Մինչև Օլիմպիկան խաղերը մեր պարային զույգը կմասնակցի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի հունվարի 10–ին։
«Սլավիկը երկու օր առաջ է վերադարձել Ռուսաստանից և աշխարհի առաջնությանը նախապատրաստվում է Երևանում։ Անաստասիան ոտքի կոտրվածք էր ստացել մարտին, և մի քանի օրից բուժզննում անցնելուց հետո պարզ կդառնա՝ կմասնակցի՞ նա, թե՝ ոչ։ Տինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալ պարային զույգը նույնպես մասնակցելու է»,–ասում է Ստեփանյանը։
Նրա խոսքով վերջին տարում զգալիորեն նվազել է մարզաձևով հետաքրքրվողների թիվը։
«Անցնող տարին ծանր տարի էր։ Առաջվա համեմատ մարզաձևի նկատմամբ ոգևորությունն ու մարզվողների քանակը զգալիորեն նվազել է։ Կովիդն ու պատերազմը փչացրեց ամեն ինչ, բայց եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ինձ թվում է՝ ամեն ինչ նորից կվերականգնվի։ Մեզ 10–15 տարի պետք է, որ կարողանանք մարզիկներ պատրաստել ու արդյունքներ ցույց տալ։ Մեր դպրոցը բացվել է 2016 թվականին։ Մեր երեխաները դեռ փոքր են։ Միշտ ասել եմ, որ երբ կունենանք մեր դպրոցի սաները, այլևս աչք չենք գցի դրսի մարզիկների վրա։ Ունենք շատ տաղանդավոր երեխաներ, որոնք մասնակցել են բոլոր մրցաշարերին ու լավ արդյունքներ են գրանցել»։
Ֆեդերացիայի նախագահը նաև շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին․ «Վարկանիշ ձեռք բերելուց հետո Գիլոյանի նախաձեռնությամբ նախարարությունը գումար հատկացրեց։ Բացի այդ նրանք թոշակներ են ստանում, ինչի համար շատ շնորհակալ եմ Կարեն Գիլոյանին»,–ասաց Մելանյա Ստեփանյանը։