ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել տարին: Նախարարը, խոսելով տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, անդրադարձել է նաև սպորտի բնագավառի.
«Սպորտի ոլորտի կարևոր ձեռքբերումն օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ մեր հավաքականների անդամների նվաճումներն էին. 2021 թվականին ՀՀ մարզիկները հիշյալ մրցաշարերում ստացել են 199 մեդալ, որից 55-ը՝ ոսկե, 57-ը՝ արծաթե, 87-ը՝ բրոնզե»,- ասել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է նաև Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը լինելու է աննախադեպ կառույց` ժամանակակից մարզագույքով և պայմաններով հագեցած:
Սկսվել են Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները:
Ըստ նախարարի` 2021 թվականին շեշտակի ավելացումներ են արվել Կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն Կառավարությունը 2021 թվականին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ: