Դեկտեմբերի 11-ից 25-ը «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերի մարզիչների հետ անցկացվել են տեսական և գործնական երկշաբաթյա սեմինար-պարապմունքներ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դրանք ուսուցողական բնույթ էին կրում:
«Lսարանային դասընթացների ժամանակ կուտակած տեսական գիտելիքները մարզիչները հաջորդ շաբաթ կիրառեցին արդեն գործնական պարապմունքների ժամանակ։ Սեմինարներն անցկացնում էին «Ուրարտու» ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանը և ակադեմիայի գլխավոր մարզչի օգնական Արսեն Պետրոսյանը։
Կազմակերպված դասընթացի նպատակը համաշխարհային ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխությունները մեր մարզիչների խաղային փիլիսոփայության մեջ ներմուծելն էր, ինչն իր դրական արդյունքները կտար նաև մրցաշրջանի ընթացքում և արդյունավետ կդարձներ պատանի ֆուտբոլիստների հետ թիմային աշխատանքը։
Հատուկ կարևորություն տրվեց նաև ակադեմիայի խաղացողների հոգեբանական վիճակի բարելավմանը նպաստող աշխատանքներին, որի պատասխանատվությունը կրում են թե՛ մարզիչները, և թե՛ ծնողները։
Քննարկվեց նաև հետագայում «Ուրարտու» ակադեմիայում նորարարական տեխնոլոգիաների՝ ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի մարզումային և խաղային պրոցեսների մեջ ներմուծման ու կիրառման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։